«Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Վեպի սյուժեն արագընթաց ու գրավիչ է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած հայրն ու հնդիկ դայակը կատարում են նրա բոլոր ցանկությունները, Սառան մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»:
Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:
Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:
Շեքսպիրի «Օթելլո»–ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։ «Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս։ Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի։ Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի։...
Գիրքը համաշխարհային մտքի գանձարան է, որտեղ հավաքված են տարբեր ժամանակների մեծագույն մտածողների, հայ և արտասահմանյան գրողների, գիտնականների, արվեստագետների, քաղաքական գործիչների, ժողովուրդների ասույթները, մտքերը: Գրքում կան նաև բառախաղեր, կատակներ, զրույցներ, հանրագիտարանային, հետաքրքրաշարժ տեղեկություններ, թևավոր արտահայտություններ, պատկերավոր դատողություններ, սահմանումներ: Այստեղ ամփոփված է շուրջ հինգ հազար ասույթ և հանրագիտարանային չորս հարյուր հոդված:
Գրքում համակարգված և ամփոփ ձևով ներկայացված են հոգեբանական կոնսուլտացիաներին և հոգեթերապիային բնորոշ ընդհանրական իրողություններն ու հիմնական տեխնիկաները: Մենագրությունը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների և սոցիալական աշխատողների համար:
Ժողովածուն ներառում է աշխարհի ժողովուրդների ուսանելի հեքիաթներ, առակներ ու լեգենդներ, որոնք ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն ունեն: Պատմություններից շատերը ուղեկցվում են հարցերով և առաջադրանքներով, որոնք նպատակաուղղված են երեխաների ինքնուրույն մտածողության խթանմանը, բարոյական հասունացմանը, տարեկիցների հետ համագործակցելու ունակությունների զարգացմանը: Գիրքը կարող է օգտագործվել ինչպես տնային ընթերցանության, այնպես էլ դպրոցական երեխաների հետ խմբակային պարապմունքներ անցկացնելու համար:
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Ճը՛պ, ճը՛պ, ճը՛պ… այս շիլան ի՜նչ համեղ է… Ի՞նչ է, փոքրի՛կ, չիփչուն կերավ քո շիլան, ու դու նորից մնացիր առանց ճաշի՞: Դե՜, եթե դու միշտ կամակորություն անես, ծիածանի վրա ապրող չիփչուներից մեկն անպայման կսլանա քո թնկթնկոցի ուղղությամբ ու քո փոխարեն կուտի համեղ ճաշիկը: Իսկ լսե՞լ ես մեծ–մեծ թևերով ու դեղին աչքերով Չիփչու Նիչուի մասին: Այս գրքում նա իր նոր ընկերուհու հետ սլանում է դեպի երկինք՝ փնտրելու Բուռ ամպիկին, որպեսզի վերադարձնի իր ծիածանը:
Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և խոնախա կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը: Նրանք կպատժվեն երևակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը: Վկաները շատ են՝ անվերջ փոխակերպվող կենդանի Շոկոլակը, Պռաուպռաու առյուծը, օձ Ֆշֆշիկը: Իսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…
Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը: Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում: Ընթերցողը մասնակիցը կդառնա յուրօրինակ ճամփորդության առ էության ներսում գտնվող փակը, մութը և պահվածը, կառնչվի մարդու` միֆական հիմքի հետ միաձուլման ընթացքին, կտեսնի մետամորֆոզների մի շղթա` արտաքին պայմանականությունների քայքայման փորձով, չտեսնվածի հետ հանդիպմամբ ու նոր-անհայտի բացահայտմամբ:
Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:
Այն առանցքային լեյտմոտիվը, որ հայտածվում է Դուգլաս Դունի ստեղծագործություններում, անհատի օտարումն է հասարակությունից, որպես կլիշե գործածվող մաշված ճշմարտություններից, այլ կերպ ասած աբսուրդի վիճակը, որը ներհայեցողության արդյունքում ի վերջո բերում է ինքնամաքրման, ինքնաճանաչման, ինքնասահմանումի: Պատմամշակութային զուգորդումների, նախասկզբնական պատկերների և սիմվոլների միտումնավոր գործածությունը, նուրբ արտահայտված ֆոլկլորիզմը բրիտանական չափածոյի համատեքստում Դունի պոեզիան դարձնում են բացառապես շոտլանդական:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը: