«Մանրունու տերևը» ժողովածուն ընդգրկում է անգլիացի մեծանուն գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի փոքր արձակի լավագույն նմուշները՝ «Մանրունու տերևը» (1964), «Հեմցի ագարակապան Ջայլզը» (1949) և «Մեծվութոնցի դարբինը» (1967):
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
«Կինոնկարի հենքում իրական իրադարձություններ են» մակագիրը ակամայից տրամադրում է ինչ-որ արտառոց, հափշտակիչ ակնկալիքի: Այս գիրքը ոչ թե հիմնված է իրական իրադարձությունների վրա, այլ այստեղ ամենաիրական պատմություններ են, բացարձակ զերծ գունազարդումներից կամ ընթերցողի ուշադրությունը բևեռող այլ հնարքներից: Ավելին՝ անգամ հարթվել են սուր անկյունները, որպեսզի անհարկի չգրգռեն նրբակիրթ ընթերցողի նյարդերը: Անհավանականը միայն այն է, որ այս ամենը կատարվել է ոչ թե խավարամիտ միջնադարում, այլ մերօրյա բարեհունչ մարդասիրության դարաշրջանում….
Արտավազդ Եղիազարյանի գրողական ձեռագրի հատկանշական կողմը արտաքուստ թեթև ու անչար հումորն է: Բայց այդ հումորը, համադրվելով սուր դիտողականության ու պատումի անսեթևեթ ոճի հետ՝ օգնում է գրողին ստեղծել կոլորիտային կերպարներ և նրանց միջոցով վեր հանել մեր իրականության պատկերը: Ընդ որում՝ նրա պատմվածքներին բնորոշ զվարթախոհությունն ու ինքնահեգնանքը չեն խանգարում բարձրացնել նաև հասարակական-քաղաքական կարևոր հարցադրումներ:
«Այլ ոտնահետքեր» ժողովածուն Հովհաննես Երանյանի վեցերորդ գիրքն է: Այն ընդգրկում է գրողի` նախկինում լույս տեսած «Միակ ոտնահետք», «Զինադադար», «Մարդահամար» եւ «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի լավագույն պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաեւ հիշյալ գրքերի վերաբերյալ տարբեր տարիներին լույս տեսած մի քանի գրախոսականներ: Հրատարակվում է հեղինակի 50-ամյակի կապակցությամբ:
«անՎՐԷՊ» մատենաշարի նոր հատորը արեւմտահայ տաղանդաւոր նորավիպագիր Լեւոն Բաշալեանի (1868-1943)՝ 1943 թ. Փարիզում լոյս տեսած «Նորավէպեր եւ պատմուածքներ» ժողովածուի վերահրատարակութիւնն է: Պահպանւել են հեղինակի կիրառած ուղղագրութիւնն ու կէտադրութիւնը, կատարւել են միայն սրբագրական եւ որոշ անհրաժեշտ միջամտութիւններ: Հատորում զետեղուած նաեւ Արշակ Չոպանեանի հեղինակած առաջաբանը Լեւոն Բաշալեան մարդու և գրողի մասին: Հրատարակութիւնը նվիրւում է Լեւոն Բաշալեանի ծննդեան 150- ամեակին:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ «Երկեր» ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։
Պատանեկան տարիքի ընթերցողներին ուղղված այս գիրքն ընտիր պատմվածքների ժողովածու է՝ ծաղկաքաղ կոլումբիացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի չորս հայտնի ժողովածուից՝ «Երկնագույն շան աչքերը» (1974), «Մեծ մոր թաղումը» (1962), «Միամիտ Էրենդիրայի և նրա անհոգի տատիկի անհավանական ու տխուր պատմությունը» (1972), «Տասներկու թափառական պատմվածք» (1992):
Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ: Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով:
Արդի մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» ժողովածուն։ Արամ Ալավերդյանի անունը անծանոթ չէ ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող ընթերցողին։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ», «Անդին», «Արդի», «Կայարան» կայքերում։ Սակայն առանձին գրքով՝ ընթերցող լայն հանրությանը հեղինակը ներկայանում է առաջին անգամ։ Այս ժողովածուում ընդգրկված պատմվածքներն ու ակնարկները գերազանցապես նվիրված են Արցախյան առաջին պատերազմին։ Դրանք վկայագիր-վավերագրեր են՝ ստեղծված գեղարվեստի լեզվով։ Դա գրվածքների ինքնօրինակության հիմնական գրավականներից է։ Պատերազմը մենք սովոր ենք «ճանաչել» ընդհանրացված հայրենասիրական գնահատականներով կամ ռազմի դաշտում տեղի ունեցած հերոսական դրվագների նկարագրությամբ։ Այստեղ, սակայն, ընթերցողը կկարդա անձնական ողբերգությունների պատմություններ, արհավիրքը կտեսնի սովորական արցախցու՝ ընտանիքի հոր, մոր, եղբոր կամ քրոջ աչքերով։...
«Արդի» մատենաշարի սույն հատորում ներառված են Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գիրքը հանդիսանում է հեղինակի մինչ այժմ հրատարակված ստեղծագործությունների ամենից ամփոփ ժողովածուն: «Տիպանգոյի» էջերում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։
Գրքում զետեղված են իրապատումներ, որոնց առանցքում մարդն է։ Իրապատումներ սիրո, սպասումների, հույզերի, փոթորկող կրքերի, կյանքի հրամցրած հաճելի ու տհաճ անակնկալներով կերտված ճակատագրի փիլիսոփայության մասին ներկայացված խորհրդապաշտական երանգավորումներով: Ներկայացված 31 պատմությունները ոգեշնչում են, ստիպում վերանայել և արժևորել այն, ինչը գուցե չեք գնահատում կամ սովորական է թվում:
Գրքում զետեղված են ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժերար դը Ներվալի «Հոկտեմբերյան գիշերներ» և «Զբոսանքներ և հիշողություններ» երկերը: «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների շարքը, որ առաջին անգամ լույս է տեսել 1852 թվականին, յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքիև հասարակականպահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին: Իրեն հատուկ նուրբ հեգնանքով փորձելով հետևել ռեալիզմի՝ «ճշմարտության դպրոցի» ջատագովներին՝ Ժերարդը Ներվալն ամեն անգամ ստիպված է արձանագրել իր պարտությունը՝ պարբերաբար հայտնվելով ներաշխարհի կախարդված պարտեզներում: Մինչ ընթերցողի առջև էջ առ էջ ամբողջանում է քաղաքային բարքերի ու զվարճալիքների նկարագրությունը՝ իրական, գունեղ մանրամասնություններով, ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Աստվածային կատակերգության» հետագիծը՝ հիշեցնելու, որ բանաստեղծի իրապատում դեգերումները նաև ներքին ուղևորություն են իրական...
Ռ. Մուզիլի սիրային այս պատմվածաշարում ամփոփված են հեղինակի «Միացումներ» և «Երեք կին» ժողովածուներում ընդգրկված բոլոր հինգ ստեղծագործությունները, որոնցում թեև ընդգծվում է կանացի կերպարների առաջնահերթ կորևորությունը, բայց գրողի ուշադրությունն էապես բևեռված է տղամարդու հոգեմտավոր կարողությունների, այրամարդու ներաշխարհի բացահայտմանը: Մուզիլը փորձում է ցույց տալ, թե ինչպես ձգտումը դեպի հզորությունն ու ինքնիշխանությունը տղամարդուն դարձնում են սիրելուն անընդունակ: Հանդիպումը կնոջ հետ փորձություն է դառնում նովելների տղամարդ հերոսների համար:
Զվարճալի և հումորային պատմությունների «Рассказы из исчезнувшего города» գիրքը լույս է ընծայվել 2017 թվականին. Գրքի հեղինակը ռոստովցի պոետ, դրամատուրգ, թարգմանիչ, ծնունդով գյումրեցի Արա Գևորգյանն է: Գրքում ներկայացված է Լենինականի (Գյումրի) կյանքն ու բարքերը երկրաշարժից առաջ: Տեղ են գտել իրար հետ կապված, գյումրվա մենտալիտետով ու յուրահատուկ հումորով հագեցած 30 պատմվածքներ: Հեղինակը դրանք համն ու հոտը հիանալի փոխանցել է նաև ռուսերենով: Կան նաև պատմություններ մարդու իրական կյանքից, ով ապրել է ծանր, բայց վառ կյանք, սակայն երկրաշարժին կորցրել է յոթնամյա գեղեցկուհի դստերը՝ առաջին դասարանցի Անուշիկին: Պատմվածքներում գերակշռում է հումորը, միայն 4 պատմվածք է, որ գրված է հոգետանջ թախիծով: Դրանք հեղինակի սիրելի դստեր հիշատակին...
Գուրգեն Մահարին 1936-1954 թթ. բռնադատվել է և տարահանվել Սիբիր՝ սկզբում որպես ճամբարային, այնուհետև՝ աքսորական: Այդ տարիներն իրենց արտացոլումն են գտել գրողի արձակ և չափածո ստեղծագործություններում: Սույն հատորում ընդգրկվել են նրա սիբիրական պատմվածքները և «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Հանդիսանալով պատմության ոչ մեծ մի շրջանի՝ ստալինյան անօրինակությունների անմիջական վկայութ յուններ, դրանք միաժամանակ պատկանում են մնայուն ստեղ ծագործությունների շարքին, որոնք բնորոշ էին կյանքի փորձով հարստացած արձակագրին: Քնարական արձակի, հումորի և սարկազմի օրգանական համաձուլվածքը, դարի արձակին բնորոշ անկաշկանդ ներքին մենախոսությունները առանձնացնում են այդ գործերը փաստագրական շատ վկայություններից և վերածում գրական արժեքների, որոնք դուրս են ժամանակից և աշխարհագրական սահմաններից:
Հատորում ընդգրկվել են Գ. Մահարու 20-30-ական թթ. պատմվածքները, որոնց հիմնական թեմատիկան հին իրավակարգի փլուզումն է և նորի հաստատումը, ինչպես նաև սիրո, ընտանիքի և բարոյականության հարցերը նոր կառուցվող հասարակարգում: 50-60-ական թթ. պատմվածքներում գրողի հեգնական մոտեցումն է գրական և հասարակական տարբեր հարցերին: նոր ամփոփում են ստացել երգիծական և մանկական պատմվածքների շարքերը: Առանձին պատմվածքներ առաջին անգամ են ընդգրկվում գրողի ժողովածուներում:
Շատ վաղուց անտառում բնակվում էին շուշուները, մազմզոտ պոչերով, կեռ ճանկերով, սուր ու սպիտակ ատամներով երկարամռութ արարածներ: Նրանք սնվում էին հյութալի պտուղներով, խռթխռթան արմատներով ու դալար ճյուղերով: Նույն անտառում բնակվում էր նաև բժիշկ Փորսուղը, որ հաճախ էր զգուշացնում շուշուներին, որ խնամեն իրենց ատամները, քանի դեռ դրանք սպիտակ են, սուր և առողջ: Բայց շուշուների խելքն ու միտքը քաղցր պտուղներով, համեղ արմատներով ու մատղաշ ճյուղերով ճոխ նախաճաշելն էր, և նրանք չեն լսում բժիշկ Փորսուղին: Ցավոք, այս անհոգ կերուխումը երկար չի տևում…
Գրքում տեղ գտած տասը պատմվածքները հոլանդացի գրող և պատկերազարդող Հանդս դե Բեերը գրել է 30 տարվա ընթացքում: Ստեղծագործությունների գլխավոր հերոսը բևեռային արջուկ Լարսն է: Պատմությունները մեզ տեղափոխում են հետաքրքիր ճամփորդություններով ու զարմանահրաշ արկածներով լի մի աշխարհ: Բարեսիրտ և ամենահաս բևեռային արջուկ Լարսը հաղթահարում է բոլոր դժվարությունները, ձեռք է բերում նոր ընկերներ և բռնում տունդարձի ճամփան:
«Նամակներ պարետին» ժողովածուն ընդգրկում է «Զանգակ» հրատարակչության՝ 2020 թվականի արտակարգ իրավիճակի շրջանում հայտարարված համանուն մրցույթի լավագույն քսան գործերը: Պատմվածքները համաճարակի օրերի յուրօրինակ գեղարվեստական վավերագրեր են՝ լցված անորոշ ապագայի նկատմամբ վախերով, աշխարհի վերջի հակաուտոպիական պատկերներով, մարդկային մեծ ողբերգություններով, ընտանիքներում առաջացած մտահոգիչ իրավիճակների նկարագրություններով, կենցաղային–երգիծական դրվագներով, շնորհակալությամբ՝ առ այդ օրերին պայքարի առաջնագծում գտնվող մարդիկ։
Յուրսընարի «Արևելյան պատմություններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ լույս է ընծայել ֆրանսիական հայտնի «Գալիմար» հրատարակչատունը 1938 թ.։ Ժողովածուն կազմված է տասը նովելներից։ Հեղինակը ներշնչվել է միջերկրածովյան և հեռավորարևելյան շրջանների հնագույն լեգենդներից։ Պատմվածքների հիմքում ընկած են համաշխարհային մշակույթը միավորող փիլիսոփայական ընդհանրույթ-թեմաները՝ սեր, հայրենասիրություն, դավաճանություն, բարոյականություն, խաղաղություն և այլն։ «Գալիմարը» վերահրատարակել է այն 1967 թ.՝ հեղինակի արած որոշ ուղղումներից հետո։ Սույն թարգմանությունը կատարված է այդ հրատարակությունից:
Փախուստ սիրուց, ինքն իրենից, մարդկանցից, կյանքից: Սիրային, ողբերգական ու կատակերգական յոթ պատմություն մարդկային ցանկությունների ու ներքին հակասությունների, մտերմության ու միայնության, մեղքի ու անելանելի իրավիճակների, կյանքի մասին պատկերացումների ու պատասխանատվության մասին: