Ջեյմս Ջոյսը իր «Դուբլինցիները» (1914) պատմվածքների ժողովածուում միտում է ունեցել պատկերելու հայրենի Իռլանդիայի հոգեկան կյանքի պատմությունը՝ գործողությունների կենտրոն դարձնելով Դուբլինը՝ որպես «կաթվածի կենտրոն»: Հեղինակը ներկայացնում է քաղաքը, միջին խավի մարդ կանց, անտարբերության մթնոլորտը, եւ դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանեկություն, հասունություն եւ հասարակական կյանք: Չնայած ճիգերին՝ նրա հերոսները չեն կարողանում դուրս գալ փակուղուց, փոխել իրենց կյանքի միօրինակ գունապնակը, բայցեւ երազող են, երազ, որ փախուստի աշխարհն է: «Դուբլինցիներ» –ում առկա կարեւորագույն երեւույթը էպիֆանիան է՝ աստվածահայտնությունը: Հարկ է նշել, որ «Դուբլինցիները» հայերեն թարգմանությամբ առաջին անգամ է լույս տեսնում համալրված` ներառելով նախկինում չթարգմանված պատմվածքները:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Շահան Շահնուրի «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը։ Շահնուրի անվան հետ է կապված հայ գրականության մեջ «նահանջի» ուղղության սկզբնավորումը։ Օտարության մեջ հայի լինելիության տեսանկյունից հատկապես հետաքրքիր է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը, որը լի է բազմանշանակ սիմվոլներով։ Գրողի արձակը բազմաշերտ է, և այդ բազմաշերտությունը բնորոշ է ամբողջ ցիկլին։ Պատմվածաշարն ավարտվում է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածքով, որը սթափության կոչ է ձուլման վտանգի տակ գտնվողներին։ «Սփյուռք» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են սփյուռքահայ գրողների լավագույն գործերը:
Ռուս գրող Վառլամ Շալամովի «Կոլիմյան պատմությունները» դժվար է միանշանակորեն ինքնակենսագրական որակել: Ե՛վ իր, և՛ բախտակիցների մասին հեղինակը գրում է դիտորդի թվացյալ սառնասրտությամբ, առանց զգայական հոգեցունց վայրիվերումների: «Սարսափի աշխարհի» թրատող ցավն ընթերցողին է վերապահված:
«Ժառանգություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է ֆրանսիացի մեծ բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի չափածո և արձակ ընտիր երկերը, ինչպես նաև նամակների հարուստ հավաքածու:
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված ինտերակտիվ արձակի նմուշներին հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները: Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ` ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»): Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու միջոց («Պահմտոցի», «Գերաստղ Մարիոն», «Մատրյոշկա», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ` նա վերաիմաստավորում է անցյալը` հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»):
Երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները մի կողմից հեղինակի ուրույն ոճն են ի ցույց դնում, մյուս կողմից՝ երևանում են ճանաչելի իրականության գրողական վերարտադրություն, որտեղ ընդհանրացվում և իմաստավորվում է այն ամենը, որը մեզ թվացել է պարզապես հերթական իրադարձություն:
Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» ժողովածուն նախանշում է թեմատիկ նոր տարածություններ գրողի համար: Շարունակելով մնալ, այսպես կոչված՝ ոչ հայաստանյան իրականության գեղարվեստական տարածության մեջ, Դերանցն իրեն բնորոշ հոգեբանական նուրբ սուզումներով պատկերում է մարդկային զգացմունքների, կրքերի, հարաբերությունների մի ամբողջ պատկերասրահ, որտեղ դիմագիծ ու սկզբունքը պահպանելը դառնում է գերագույն մարտահրավեր:
Հովիկ Աֆյանի «Չաստվածաշունչ» ժողովածուն ներառում է հեղինակի վերջին տարիներին գրված պատմվածքները, որոնց թեման մեր կյանքն է իր բազմազան, ինչ-որ տեղ անակնկալ, ողբերգական, բայց միշտ հետաքրքիր և ուսանելի դրվագներով:
Լիլիթ Կարապետյանի հերոսները կարծես ապրել են մարդկության ամբողջ պատմությունը՝ սկզբից էլ առաջ ու վերջից էլ հետո: Կյանքը նրանց համար ինչ-որ բան վերհիշելու և հիշողությունների մեջ կողմնորոշվելու ընթացք է՝ անցյալի հիշողություններ, ներկայի հիշողություններ, ապագայի հիշողություններ…
Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա» գիրքը հիշողությունների առերեսումն է շարունակություն չունեցող իրականության հետ: Հեղինակի լեզուն հրավիրում է մտերիմ միայնության: Գրքի հերոսները՝ ապրող, թե՝ մեռած,- նրանք կյանքի երկու կողմում են,- պատմվածքից պատմվածք ծնվում են նորից: «Հետողորմյան» ուժեղ հումորով գրված գիրք է, որը պատմում է Հայաստանի մասին: Անկախության երկու կողմի մասին: Հերոսները ժամանակակից են: Ողբերգական կերպարներ, որոնց հետ մեզ հարստացնում է գրքի լեզուն: Այս գիրքը զգացողությունների հրավառություն է: Ընթերցողն այդ հրավառության սպառողը չէ, այլ՝ շարունակողը:
Մհեր Իսրայելյանի «ՄԻ ՇԱՆ ԲԱԽՏ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ» ժողովածուի պատմվածքները ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում, որտեղ կողք կողքի տեղավորվում են ընտանիքի անդամներ ու ընկերներ, գեներալներ ու երեխաներ, որտեղ ուսանողն ու աշխարհահռչակ նվագարարը, ճպճպացող աչքերով տղան և նույնիսկ կենդանիները կարող են տրվել երազանքի մոգական հմայքին:
«Կորեական դելիկատես» ժողովածուն Համբարձում Համբարձումյանի առաջին գիրքն է: Նրանում ընդգրկված պատմվածքները թեպետ գրվել են տարբեր ժամանակներում, բայց ամբողջացնում են Համբարձումի գրողական ձեռագրի բոլոր յուրահատկությունները՝ պատումի անսեթևեթ ու անբռնազբոսիկ ոճ, «մանկական զվարթախոհությամբ» լեցուն սյուժեներ, չափազանց կոլորիտային, տպավորող ու տեքստից տեքստ «թափառող» հերոսներ:
Արդի հայ արձակի ինքնատիպ հեղինակներից մեկի՝ Մհեր Բեյլերյանի նոր ժողովածուն ներառում է վերջին տարիների նրա ստեղծագործությունները,որոնք հատկանշվում են թեթև ու անչար հումորով, ժանրային յուրօրինակ իրացումներով:
Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները: Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը: Վիքիպեդիա
Հեղինակի այս գիրքը նախ վերնագրել էր՝ «Սովետ, post սովետ», թեև նրա հետաքրքրության առանցքը այդ երկրի կործանումը չէ: ոչ էլ քաղաքական ու հասարակական այն հանկարծահաս փոփոխությունները, որոնք ծնունդ տվեցին նոր երկրների, պատերազմների ու շարունակվող թշվառության: Գրողի համար կարևորը մարդկային ճակատագրերն են: Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Այդ մարդը, կամ մարդիկ են Հովհաննես Երանյանի նոր գրքի հերոսները: Մարդիկ, որ ապրեցին այդ փոփոխական ժամանակն ու հետո մեռան: Եվ մարդիկ, որ ապրում են այդ ժամանակն ու հետո կմեռնեն: Վիքիպեդիա
«Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուն առաջին անգամ մեկտեղում է Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքները, որոնք տպագրվել են Հայաստանի և արտասահմանյան գրական հանդեսներում ու թերթերում, արժանացել բազմաթիվ մրցանակների:
«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ ⠀
Գրիշ Սարդարյանի «Եսավ» ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Անգամ ամենասովորական խոսքուզրույցից պատմություն ստեղծելու նրա գրողական վարպետությունը զուգահեռվում է ինտերտեքստուալ հղումների, ենթագիտակցական միջամտությունների տպավորիչ խաղարկումների հետ:
«(Չ)վեպը» արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին գիրքն է: Մերօրյա հերոսի հոգեկան վայրիվերումները, շուրջը կատարվող իրական/ անիրական դեպքերի հաջորդականությունը նրան մղում են անվերջ փնտրտուքի, որը գրեթե միշտ ավարտվում է առանց հանգուցալուծման:
«Թրեյսիի վագրը» հռչակավոր վիպակի (1951) տիպիկ սարոյանական աշխարհազգացողությամբ և փոխաբերական շնչով տոգորված մի մոգական սիրային ոդիսականի կողքին այս հատընտիրն ընդգրկում է 1930 – ականներին գրված երեք տարաբնույթ, բայց հավասարապես հրաշալի պատմվածք: Բոլոր գործերը ներկայացվում են վերանայված թարգմանությամբ:
Սարոյանական այս հատընտիրը, որ ստացել է մեծ գրողի պատմվածքների գրքերից մեկի վերնագիրը, ծաղկաքաղ է 1930-1950 թվականների բուռն ստեղծագործական շրջանում նրա լույս ընծայած մի շարք ժողովածուներից: Ընդգրկված գործերում լավագույնս են դրսևորվել Սարոյանի՝ փոքր արձակի ականավոր վարպետներից մեկի անշփոթելի ինքնությունն ու յուրօրինակ աշխարհընկալումը, որտեղ իմաստությունը, թախիծը, քնարականությունը և, իհարկե, հումորը անբաժան շաղախ են կազմում:
«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը։ Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին։ Պատմվածքները թարգմանված են գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակումներով հրատարակությունից։