«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծև արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է և նրա միակ հրատարակված վեպը: Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում: Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել: Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի: «Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ:...
«Քամու ստվերը» իսպանացի (կատալոնացի) գրող Կառլոս Ռուիս Սաֆոնի 2001 թվականին լույս տեսած վեպը, որը հեղինակին բերել է համաշխարհային ճանաչում։ Այն թարգմանվել է շուրջ 30 լեզուներով և հրատարակվել 40 երկրներում՝ ավելի քան 10 միլիոն օրինակով։ 1945 թվականին՝ մի առավոտ, հայրը որդուն տանում է հինավուրց քաղաքի սրտում բնավորված առեղծվածային մի վայր՝ Մոռացված գրքերի գերեզմանոցը: Այնտեղ Դանիել Սեմպերեն գտնում է մի գիրք, որը հավերժ փոխում է նրա կյանքը՝ ուղեկցելով մութ քաղաքի խորհրդավոր պատմությունների և թաղված գաղտնիքների լաբիրինթոսը: «Քամու ստվերը» գրական առեղծված է, որը ձևավորվել, կերպավորվել է 20-րդ դարի առաջին կեսի Բարսելոնում՝ հատելով մոդեռնիզմի և հետպատերազմյան գրականության թանձր սահմանները:
«Հոգեգրություն. Եվրոպական մոդեռնիզմի բանաստեղծությունը» գրքում տեղ են գտել XX դարի առաջին կեսի եվրոպական 22 երկրներից սերող 40 բանաստեղծների ստեղծագործությունները՝ թարգմանված 20 լեզուներից: Առաջնորդվելով Գոթֆրիդ Բենի «Քնարերգության հիմնախնդիրներ» զեկույցում (1951) մատնանշված այն հիմնավոր կասկածով, ըստ որի`«մեր ժամանակի ո՛չ մի, անգամ մեծագույն բանաստեղծ, իրենից հետո վեցից ութ կատարելապես ավարտուն բանաստեղծությունից ավելին չի թողել», փորձ է արված յուրաքանչյուր հեղինակի դեպքում պեղել, հայտնաբերել հենց այդ նշանակալից «վեցից ութ»-ը, քանի որ, ինչպես ասված է շարունակության մեջ`«մնացյալը կարող են հետաքրքրություն ներկայացնել զուտ հեղինակի կենսագրության կամ նրա ներքին զարգացման տեսանկյունից»:
«Անսովոր ուժեր» գիրքը ներկայացնում է քսաներորդ դարասկզբի Արգենտինայում ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Լեոպոլդո Լուգոնեսի տասներկու պատմվածքները և տիեզերքի ծագման տեսությունը, մի հեղինակ, որ մեծ ազդեցություն է թողել Օրասիո Կիրոգայի, Խորխե Լուիս Բորխեսի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչների վրա, համարվում է լատինամերիկյան մոդեռնիզմի հիմադիրներից մեկը և գիտաֆանտաստիկ գրականության նախահայրը: Եվ ամենևին պատահական չէ, որ շատերը նրան «արգենտինացի Պո» են անվանում: Ժողովածուի պատմվածքներն առնչվում են գիտության տարբեր բնագավառներին, առասպելաբանությունը, աստվածաշնչյան պատմություններին, սնոտիապաշտությանը:
Մկրտիչ Արմենի (1906-1972) 1931 թվականին լույս տեսած «Երևան» վեպ-էպոպեան խորհրդային գրականագիտության կողմից պիտակվել է որպես «մոդեռնիստական», այն է՝ անարժեք ստեղծագործություն: Այդ պատճառով էլ ոչ մի անգամ չի վերահրատարակվել և անարդարացիորեն մոռացվել է: Այնինչ, այն 20-րդ դարի հայ վեպի պատմության կարևորագույն իրողություններից մեկը համարվելու բոլոր նախադրյալներն ունի:
«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը:
«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը` անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը` նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները: «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք` գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:
Շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Ենթադրենք անունս Գանթենբայն է» վեպը XX դարի մոդեռնիստական գրականության գլուխգործոցներից է: Այստեղ Ֆրիշը դիտարկում է մարդու կյանքի բազմատարբերակությունը: Ինչպես գրում է հեղինակը`ամեն մարդ ուշ թե շուտ իր համար հնարում է պատմություն, որը համարում է իր կյանքը: Իսկ իրականում կարելի է ապրել միայն մեկ կյանք, իսկ մյուսը`զուտ երազանքներում: Իսկության և անիրականության, իրականի և հնարածինի հարաբերակցության խնդիրն է ներկայացված վեպում: «Շախմատի մի պարտիա խաղալուց հետո, որը տանուլ տվեցի, Բուրիի հետ խոսակցության բռնվեցինք կանանց մասին. առերևույթ՝ կանանց մասին, իսկ ըստ էության՝ տղամարդկանց, ովքեր կարող են դժբախտություններ բերել, եթե չափից ավելի կարևորեն կանանց… Բուրին ասում է (որքանով հասկացա նրան) Մի...