«Մանուկների մոլորակ» մանկական երգարանն ընդգրկում է Զ․ Սարիբեկյանի մանկական բազմաբնույթ երգերը, որոնց և՛ բառերը, և՛ երաժշտությունը ուսուցչուհին ստեղծել և փորձարկել է իր բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում։ Ժողովածուն կազմված է՝ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքային առանձնահատկությունները, տարրական դպրոցում դասավանդվող առարկաների բովանդակությունն ու ծրագրային պահանջները։ Երգերը կարող են գործածվել նաև նախադպրոցական հաստատություններում, ընդգրկվել մանկական երգչախմբերի երգացանկերում։ Երգերի ձայնագրությունները կարող եք գտնել գրքի էջերում տեղադրված QR կոդերի միջոցով:
Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։ Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը: «Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ...
Նանե Բարսեղյանը, որը մեծացել է Խորհրդային Հայաստանում թողնում է ամեն ինչ և մեկնում է սիրիական Քրդստանի Ռոջավա շրջան՝ իրական հորը գտնելու հույսով: Ուղևորության ընթացքում Նանեին ուղեկցում է զարմուհին՝ լրագրող Ալմա Բարսեղյանը: Պատերազմից ու բռնությունից ավերված այդ վայրում գլխավոր հերոսների համար բախտորոշ է դառնում ծառայությունը կանանց ջոկատում, որտեղ խիզախ կանայք պաշտպանում են այն հողը, որը վաղուց խաղաղություն չի տեսել: Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակն ամենակարևոր դասն է տալիս. կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի: Իսլամական պետության, թուրքական զորախմբերի և սիրիական ծանր իրականության դեմ մղվող պայքարի ֆոնին զարգանում է Նանե Բարսեղյանի պատմությունը: Մագդա Թախտաճյանն այս վեպում միաձուլում է հուզական պատումն ու...
Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը։ Ինքնաբուժում գրականության միջոցով։ 10-րդ հոբելյանական համարում ընթերցեք Գրիգոր Պըլտյանի, Մարինե Պետրոսյանի, Գուրգեն Խանջյանի, Վիոլետ Գրիգորյանի, Ներսես Աթաբեկյանի, Սյունե Սևադայի, Գրիգի, Անի Ասատրյանի, Սարգիս Հովսեփյանի Աննա Դավթյանի և շատ ուրիշների երբեք չհրատարակված ստեղծագործությունները։ Միայն այս համարում՝ հատվածներ Վահան Իշխանյանի, Սուսաննա Հարությունյանի և Նարինե Կռոյանի նոր վեպերից ։ Ինչպես միշտ՝ թարգմանություններ, հարցազրույցներ ու գրախոսություն: Համարը նվիրվում է Վահան Իշխանյանի հիշատակին: 2001 թվականին Վիոլետ Գրիգորյանի և Վահրամ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որն իր գործունեությունը շարունակեց 3 տարի, ապա 2005-ին Վիոլետ Գրիգորյանը և Վահան Իշխանյանը հիմնադրեցին «Ինքնագիր» գրական հանդեսը: 2008-ից ի վեր,...
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ...
Անգլիական փոքրիկ գյուղի՝ Չիփինգ Քլեգհորնի խաղաղ ու կանխատեսելի առօրյան իր բնականոն հունից շեղվում է, երբ մի օր առավոտյան բնակիչները գյուղի թերթում կարդում են մի արտասովոր հայտարարություն, որում հստակ նշվում էր առաջիկայում սպասվող սպանության վայրն ու ժամանակը: Գյուղի հետաքրքրասեր բնակիչները նշված ժամին հավաքվում են նշված վայրում՝ Լեթիշիա Բլեքլոքի տանը: Կատա՞կ, թե՞ մանրակրկիտորեն ծրագրված հանցանք. միսս Մարփլի խորաթափանց ու փորձառու ուղեղը աստիճանաբար կքանդի խճճված կծիկը:
Արտակ Մաթևոսյանի «Ափը ծնոտը հենելու համար է» վեպը մեր իրականության ընդհանրացված պատկերն է՝ խտացումներով, տիպական կերպարներով, հարաբերությունների ու կապերի բազմազանությամբ:
IV-V դդ. հնդիկ մեծ բանաստեղծ և թատերագիր Կալիդասայի ստեղծագործությունը համաշխարհային գրականության գոհարներից է։ Կալիդասայի թատերգությունների և պոեմների գլխավոր թեման սերն է իր բազմաբնույթ դրսևորումներով։ «Մատանիով ճանաչված Շակունտալան» և «Ամպ-ավետաբերը» Կալիդասայի գլուխգործոցներն են, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծ ազդեցություն են թողել Եվրոպայի հոգևոր մշակույթի վրա։ Ներկա հրատարակությամբ «Մատանիով ճանաչված Շակունտալան» հայ ընթերցողին է ներկայացվում երկրորդ, իսկ «Ամպ-ավետաբերը»՝ երրորդ անգամ։
«Հիպերիոն» վեպը Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը (1770-1843) մտահղացել է դեռ Տյուբինգենում իր ուսումնառության ժամանակ (1792): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով վերադարձել է արձակին։ Առաջին հատորը լույս է տեսել 1797 թ., երկրորդը՝ 1799 թ.։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին, թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Նրա հերոսներն անտիկ անուններ են կրում։ Ազգային և կրոնական ճնշումների դեմ հույների մղած պայքարը վեպում հղում է հեղինակի դարաշրջանի Եվրոպայի լուսավորչական և հումանիստական գաղափարներին։ Կենտրոնական թեմաները հեղինակի հիմնական թեմաներն են. մահը և անմահությունը, գեղեցիկը, Ամբողջը և նրա անտրոհելիութունը, Հզորը...
Ինտերակտիվ հեքիաթ-տնակը այս տնակը կառուցելն ու ներկելը ոչ միայն հետաքրքիր զբաղմունք է երեխաների համար, այլև առիթ մեծերի ու փոքրերի համատեղ ժամանցի համար։ Տնակը հաստ ստվարաթղթից է, անհրաժեշտություն չկա կտորները կտրելու և կպցնելու, դրանք հեշտությամբ հագցվում են և հավաքվում: Պատուհաններն ու դռները բացվում և փակվում են՝ հնարավորություն տալով բեմականացված ներկայացնելու հեքիաթը, երևակայելու և խաղալու։ ԵՍ ԻՆՔՍ հավաքածուն նպաստում է երեխայի ստեղծագործական ունակությունների ձևավորմանը, զարգացնում մանր մոտորիկան, կենտրոնացումն ու համբերությունը: Եռաչափ տնակը հավաքելու համար պարզապես իրար միացրեք 5 կտորները։ Ակրիլային ներկերն oգտագործելուց հետո ամուր փակեք, որպեսզի չչորանան։ Հեշտությամբ մաքրվում են վրձնից, ձեռքերից ու հագուստից։ Ներառում է. 1 ստվարաթղթե եռաչափ տնակ`《Պոչատ աղվեսը》 հեքիաթի...
«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը դասական արկածային գրականության լավագույն վեպերից է: Ժյուլ Վեռնը ոգեշնչվում է ամսագրերից մեկում լույս տեսած հոդվածից, որում ապացուցվում էր, որ ցանկացած ճանապարհորդ, օգտագործելով ժամանակակից փոխադրամիջոցները, հեշտությամբ կարող է շրջել աշխարհով մեկ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1872 թվականին: Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն...
Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։
Արևը մայր է մտնում. Փոքրիկ Իշխանի քնելու ժամն է: Երկնքում կայծկլտացող աստղերին հետևելով Փոքրիկ Իշխանն ու Աղվեսը երազների գիրկն են ընկնում: Սեղմիր լուսնին, ու այն կլուսավորվի: Մի քանի վայրկյանից ինքնիրեն կմարի:
Ամեն ինչ սկսվեց մի սովորական օր, երբ փոշոտ առարկաների տակից գտնվեց մի նամակ: Սագրադա Ֆամիլյայի ճարտարապետ Անտոնիո Գաուդին իր նամակում խոսում էր մի բանից, որ առ այսօր գաղտնիք է բոլորի համար: Ռոջերն ու ընկերը՝ Դեյվիդը, պետք է անպայման գտնեն տաճարի խորաններում թաքնված գաղտնիքի բանալին: Պետք է արագ գործել, չէ՞ որ ուրիշ մարդիկ էլ կան, որ փորձում են գտնել գանձերը, բայց նրանց նպատակներն ուրիշ են…
Դպրոցական աղջկա գորշ առօրյայում հայտնվում է բոլորովին անսովոր մի կերպար՝ հարևանուհի Մադմուազել Ուազոն։ Նրա բազմաթիվ թռչուններն ու կատուները և զարմանալի իրերով լի անհամար սենյակները գլխապտույտ են առաջացնում։ Փարիզը լցվում է արկածներով, երբ հերոսուհու ձեռքին հայտնվում է քաղաքի քարտեզը՝ հատուկ հրահանգներով։ Աղջիկը քայլ առ քայլ մոտենում է հանձնարարության ավարտին և բացահայտում շրջապատն ու ինքն իրեն։
«Ի՞նչ է կյանքը» գրքում Շրյոդինգերն անդրադարձել է գենետիկայի խնդիրներին՝ կյանքի ֆենոմենը դիտարկելով ֆիզիկայի տեսանկյունից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում գիտության փիլիսոփայական ասպեկտին, դասական և հին արևելյան փիլիսոփայական հայեցակարգերին, կրոնի և բարոյագիտության հարցերին։ Էրվին Շյոդինգերը ավստրիացի ֆիզիկոս է, քվանտային մեխանիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933): Շրյոդինգերին են պատկանում քվանտային տեսության ոլորտում մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք հիմք հանդիսացան ալիքային մեխանիկայի համար։ Նա ձևակերպեց ալիքային հավասարումները (ստացիոնար և ժամանակից կախված Շրյոդինգերի հավասարում), ցույց տվեց իր մշակած ֆորմալիզմի նույնականությունը, մշակեց ալիքամեխանիկական խոտորումների տեսությունը, լուծեց մի շարք կոնկրետ խնդիրներ։ Շրյոդինգերն առաջարկեց ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի յուրօրինակ մեկնաբանություն՝ հետագա տարիներին բազմիցս քննադատելով քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությունը («Շրյոդինգերի կատվի» պարադոքս և այլն)։ Բացի այդ, նա ֆիզիկայի տարբեր ոլորտների աշխատությունների հեղինակ է. վիճակագրական մեխանիկա և ջերմադինամիկա, դիէլեկտրիկներ, գույնի, էլեկտրադինամիկայի, հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերագիտության տեսություններ, փորձել է ստեղծել դաշտի միասնական տեսություն։
Ծեր առյուծը, հոգնելով իշխելուց, գալիս է Լվով, գտնում մի գեղեցիկ տուն ու բնակվում այնտեղ: Մի անգամ, հորդառատ անձրևի ժամանակ, բնակարանը վնասվում է և Առյուծն օգնության է կանչում իր ընկերներին՝ բնակարանը վերանորոգելու համար: Ու այստեղ սկսվում են արկածները…
Սնանկացման շեմին հայտնված մի ընտանիքի բախտը բերում է… Մշուշահովիտ կոչվող գյուղի հորաքույրն իր տունը նրանց է կտակել՝ պայմանով, որ ամբողջ ամառն այնտեղ ապրեն: Բայց ընտանիքը քաղաքի հարմար կյանքին է սովոր, ա՛յ քեզ փորձությու՜ն… Էլ չասած, որ գյուղը տարօրինակ մշուշ է պատել. վտանգավոր չլինի՞: Մայրիկը երեխաներին՝ Լիային ու Նոյին խստիվ արգելում է բակի դարպասից դուրս գալ: Մեկ էլ օրերից մի օր Լիան տարօրինակ արարածի է հանդիպում և, Մշուշի հովտի զարմանալի աշխարհը սկսում է բացվել երեխաների առաջ…
Առաջին հայացքից «մարդը և ծովը» հավերժական թեման շահարկելով, Գոլդինգի թերևս ամենից խորունկ վեպը, Ռոբինզոնի աղերսներով, մեջբերելով Պրոմեթևսի այլաբանությունը, ակնարկում է, որ անգամ նողկալի մարդն իր մեջ փորձում է կերտել Աստծուն: Իրականի և ցնորականի, ողջամտության ու խենթության, սիրո և ատելության ճամփաբաժանին լռված, Ճարպիկ Մարթինը մեկ ակնթարթ տևած վեց օրում արարում է սեփական քավարանը:
«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ
«Վերնատուն»-ը լույս է ընծայել «Սիրային աֆորիզմներ» ժողովածուն, որը ներառում է գրականության և արվեստի, գիտության և այլ ոլորտների նշանավոր ներկայացուցիչների մտքերը, իմաստախոսությունները սիրո մասին:
«Վերնատուն»-ը լույս է ընծայել գրականության և արվեստի մյուս ոլորտների կարևոր ներկայացուցիչների «Սիրային նամակներ»-ը: Էպիստոլյար ժանրի այս տեքստերը, որոնք բնորոշ էին հատկապես նախորդ դարերին, գրեթե մոռացվել են մեր օրերում։ Նախկինում նամակները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց էին, այլև խոստովանական տեքստեր, որոնք արտահայտել են հեղինակների անկեղծ մտքերն ու ցանկությունները։ Կարդալով ժողովածուն՝ կտեսնենք, որ մարդկությունը չի փոխվել վերջին հազարամյակում. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, երջանկության ակնթարթները, խանդը, բաժանումները, տառապանքները։ Գիրքը փաստում է, որ նամակներում գրավիչը գրական տաղանդը չէ, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասման թրթիռը։ Այս տեքստերի ստվար մասը հայտնի է դարձել հանրությանը հեղինակների մահից...
Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչյովը կնոջն ու երկու երեխաների մորը տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը։ Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Ինչո՞ւ ամուսինն այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց։ Ինչպե՞ս է հիմա ապրում Ռիտան, կկարողանա՞ մոռանալ իր հետ կատարված մղձավանջը։ Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար։ Այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության և նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը գրված է սրտով։