Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
Փիթրը և Վենդին (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:
Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում…
«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…
«Փիսոն վատ երազ է տեսնում» գիրքը լավագույն տարբերակն է երեխաների համար, ովքեր սիրում են փոքրիկ պատմություններ, գեղեցիկ պատկերազարդմամբ գրքեր, ովքեր նոր են սովորում կարդալ և ովքեր զարգացնում են ընթերցանությունը։
Իռլանդացի հետարդիապաշտ գրող Քիարան Քարսոնը փոքր կտավի բանաստեղծ է: Նրա ստեղծագործությունները հաճախ խորը ապրումի սեղմ պոռթկումներ են. ընդամենը մեկ կամ երկու վրձնահարված, որոնց սիմֆոնիկ հնչեղությունն ալիքվում է դատարկ էջին, մի քանի բառ, որոնց հաջորդում է մի ամբողջ տող դադար, սակայն նախորդ բառի կշիռը դեռ զգալի է մեկը մյուսին պարբերական պատկերայնությամբ կապված հաջորդ տողերի մեջ: Քարսոնը բանաստեղծություն է ներմուծում տագնապով, առեղծվածով, անորոշությամբ լիցքավորված լռությունը, որին հաջորդող և նախորդող թվացյալ աններդաշնակ լեզվական երկակի ծածկագրերն ու այլաբանական մակդիրային զուգորդումները, որքան էլ տարօրինակ հնչի հետարդիապաշտության համաշարում, բերում են խիստ իրական և տրամաբանական եզրահանգումների:
Պատմվածքների հերոսները ժամանակների և տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունը, շերտատել, կեղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հասնել ու ճանաչել կեցության խորքերը, հասկանալ իրականության ու մտածումների գաղտնի խորհուրդները, սակայն էլ ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրականությունը նկարագրող սահմանափակ հասկացությունների մեջ: Հեղինակը նոր ու անսովոր տեսանկյուններով, փիլիսոփայական խորհրդածություններով, հաճախ հակաուտոպիական պատումներով ու հմայական-ծիսական ոճավորմամբ ձգտում է ներթափանցելու կեցության խորքերը, պատկերելու աշխարհն ու այն կազմող իրերն ու մարդկանց ընդունված պայմանականություններից անդին:
Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:
Քուրթիսի` հումանիզմով ներշնչված ստեղծագործությունը նախևառաջ ձոն է բնությանը, մարդուն, տիեզերքի ամենակարող ներդաշնակությանը: Առեղծվածայինի որոնումը հեղինակին հաճախ բերում է վերացարկման` էլ ավելի մոտեցնելով նրան ճշմարտությանը: Եվ որ ամենակարևորն է, այս ամենն այնքան ինքնաբուխ, հեղինակի կողմից առանց ավելորդ ճիգերի է արվում, որ անգամ անհեթեթին և խորհրդապաշտական զուգորդումներին դիմելիս Քուրթիսը մնում է պարզ իր ոճի մեջ:
Միացե՛ք Փու արջուկին, Խոզուկին և Հարյուր ակրանոց անտառում բնակվող նրանց ընկերներին` ընթերցելով պատմությունների այս գողտրիկ շարքը, որտեղ Թիգրը պարզում է, թե թիգրներն ինչ են սիրում ուտել, Փոքրիկ Խոզուկը երևելի սխրանք է գործում, իսկ Փու արջուկը նոր խաղ է հորինում: Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները:
Վիպակի առաջին հրատարակությունից ի վեր Վինի Փու արջուկի և նրա փոքրիկ բարեկամների մասին Ա. Ա. Միլնի պատմությունները դարձել են մանուկ ընթերցողների և նրանց ծնողների սիրելի հերոսները: Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները: Հերոսների նախատիպերը Ա. Ա. Միլնի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Շեփարդը սիրով է վերստեղծել հինավուրց անտառն ու խաղալիք գազաններին: Գծանկարներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում:
«Ստվերի քայլերթը» եռալեզու գրքում ներկայացված են իտալացի բանաստեղծ, արձակագիր և արտիստ Կլաուդիո Պոցցանիի բանաստեղծությունները (հայերեն թարգմանությունը՝ Դավիթ Մաթևոսյանի, ռուսերեն թարգմանությունը՝ Վիկա Չեմբարցևայի)՝ կից հեղինակի ընթերցանությամբ ձայնասկավառակով:
Այս պատկերազարդ հեքիաթը հրաշալի խոզուկ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզերին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Ահա Սփիֆենի այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից:
Մանկության իրականությունը կենդանացնող պատմություն, որտեղ մարդկանց հետ հավասար իրականությունն ստեղծող կենդանի մասնակիցներն են նաև կոմիքսների հերոսները: Քրիստիան Բատիկեանի պատմվածքների հերոսները պատանիներն են, որոնց «մեծերի իրականություն» անցնելու առաջին քայլն սկսվում է իրենց իդեալների՝ սուփըր հերոսների հետ բախումից: Գրքում հետաքրքիր կերպով ցույց են տրված ժամանակակից արևմտյան մշակույթի ազդեցությունը պատանու ձևավորման վրա, ինչպես նաև գաղութում մեծացող երեխայի մանկության և ինքնության խնդիրները:
Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։
Խախտելով տարածության և ժամանակի բնագրային օրենքները` երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի առաջին “Ցտեսություն, ծիտ” վեպը ինքնաստեղծվում և կազմաքանդվում է հենց ընթերցանության ընթացքում, ընթերցողի ամիջական մասնակցությամբ: Ոճական հանդուգն լուծումներով և կտրուկ անցումներով լեզվական հյուսվածքաշերտի անվերջ ձևափոխմամբ վեպը պատկերում է մի բեկոր` ուր երիտասարդ հերոսները բախվելով դեսպոտիզմի դաժան իրողությանը, սահմանում են կյանքի այնպիսի ձևեր, այնպիսի հարաբերություններ, ուր տրամաբանությանը փոխարինում է կեցության անգիտակցական հոսքը: Բանակից զորացրված 28 ամյա զինվորի հալուցինացիաները միմյանց միջով բացվող պատուհաններ են, որոնք վերադարձի և վերջնական հրաժեշտի բացառիկ հնարավորություն են ընձեռում նրան: Բայց այս վերադարձը ոչ թե անցյալը լոկ արտացոլելուն և վերարժևորելուն է միտված, այլ գեղեցկության ակնթարթները հավերժացնելուն և պահպանելուն: Այս...
Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:
Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճառողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953), և «Տեսարան կամուրջից» (1955) թատերագրությունները, որոնք հեղինակին բերեցին միջազգային համբավ և մնում են նրա ամենաճանաչված գործերը ԱՄՆ–ում, Եվրոպայում և այլուր:
Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի ամենահայտնի պիեսներից՝ «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ»: Նրա պիեսների հերոսները հաճախ ներկայանում են այնպիսի իրավիճակներում, որտեղ անհեթեթն ու ծիծաղելին միախառնված են իրար՝ հանդես գալով իբրև բնավորության գիծ կամ իրավիճակներին տրվող արձագանք: Նրա ստեղծագործական շրջանակները բավականին լայն են. այնտեղ ընդգրկվում են տարբեր գրական ժանրերի գործեր՝ թատերգություններ և վեպեր: