«Թելեթրիփ» մանկական վիպակը յոթ համաստեղություն այն կողմ ծվարած մոլորակի, այնտեղի բնակիչների ու հատկապես մի աղջկա ու նրա տատիկ–պապիկի մասին է: Թելեթրիփում կյանքն այլ է, ժամանակային չափումները այլ են: Թելեթրիփցիները ուշիուշով հետևում են Երկիր մոլորակի անցուդարձին ու երբեմն–երբեմն հատուկ առաքելությամբ գալիս են մեր մոլորակ: Յուրատեսակ այդ մարդկանց միակ բուժումը արվեստն է: Այս արտասովոր մոլորակում ամեն բան այնքան տպավորիչ է, որ ուզում ես տեղափոխվել այդ իրական–անիրական աշխարհը և հերոսուհու ու նրա տատիկպապիկի հետ մեկ գարուն ապրել այնտեղ:
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը կենսասեր, հնարամիտ, բարեսիրտ աղջնակի՝ Պիպիի մասին է: Նրա առօրյան հետաքրքիր է և արկածներով լի՝ նոր բառի հայտնաբերում, հարցաքննություն դպրոցում, ճամփորդություն դեպի հեռավոր Կուռեկուռեդուտ կղզի, որի թագավորն է նրա Էֆրահիմ հայրիկը: Նրա մշտական ուղեկիցներն են իր ընկերները՝ Թոմին ու Անիկան, և իր կապիկն ու ձին: Նա երջանկացնում է իր սիրելիներին և պատժում ավազակներին: Եվ ուր էլ որ գնում է, ի վերջո կարոտով վերադառնում է իր տուն՝ Վիլլա Վիլեկուլա:
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի, ամենաուրախ ու ամենապեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մասին է։ Պիպին ապրում է իր առանձնատանը՝ Վիլլա Վիլեկուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զարմանահրաշ ներկայությամբ։ Երկարագուլպա Պիպիին բնորոշ են վառ երևակայությունն ու բացառիկ մարդասիրությունը:
Գիրքն ընդգրկում է շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907– 2002)՝ անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։
Յուրի Օլեշայի այս հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տար առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով:
Լիլիթ Կարապետյանի հերոսները կարծես ապրել են մարդկության ամբողջ պատմությունը՝ սկզբից էլ առաջ ու վերջից էլ հետո: Կյանքը նրանց համար ինչ-որ բան վերհիշելու և հիշողությունների մեջ կողմնորոշվելու ընթացք է՝ անցյալի հիշողություններ, ներկայի հիշողություններ, ապագայի հիշողություններ…
«Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուն առաջին անգամ մեկտեղում է Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքները, որոնք տպագրվել են Հայաստանի և արտասահմանյան գրական հանդեսներում ու թերթերում, արժանացել բազմաթիվ մրցանակների:
Ֆրանց Կաֆկայի (1883-1924) այս հատորը ներառում է նրա հանրահայտ «Ամերիկա» վեպը և «Կերպարանափոխություն» վիպակը: Ընդ որում, «Ամերիկա» վեպը հրատարակվում է առաջին անգամ, իսկ «Կերպարանափոխությունը» ներկայացվում է նոր թարգմանությամբ:
«Թրեյսիի վագրը» հռչակավոր վիպակի (1951) տիպիկ սարոյանական աշխարհազգացողությամբ և փոխաբերական շնչով տոգորված մի մոգական սիրային ոդիսականի կողքին այս հատընտիրն ընդգրկում է 1930 – ականներին գրված երեք տարաբնույթ, բայց հավասարապես հրաշալի պատմվածք: Բոլոր գործերը ներկայացվում են վերանայված թարգմանությամբ:
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Վիքիպեդիա
Վրացի ականավոր արձակագիր Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը» վեպն ու «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վիպակը նրա լավագույն ստեղծագործություններից են: Երկուսն էլ հատկանշվում են իրականության հոգեբանական դիտարկումներով, պայծառ լավատեսությամբ, արտասովոր քնարականությամբ, հոգեպարար հումորով, ինչպես նաև ժողովրդախոսակցական լեզվի ու մտածողության հյութեղ բառ ու բանով:
Ժողովածուում ընդգրկված է ռուս մեծ գրող Միխաիլ Բուլգակովի հանրահայտ եռագրությունը՝ «Դիվապատում», «Ճակատագրական ձվեր», «Շան սիրտ» վիպակները՝ նոր թարգմանությամբ, ինչպես նաև գրողի՝ 1920-ական թթ. մամուլում հրապարակված պատմվածքներն ու ֆելիետոնները՝ անհրաժեշտ ծանոթագրություններով ու հղումներով:
Ժողովածուն ներառում է 19-րդ դարի գերմանական գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի (1776-1822) լավագույն ստեղծագործությունները:
Արդի հայ արձակի տաղանդավոր ու ինքնատիպ դեմքերից մեկի՝ Վրեժ Իսրայելյանի (1949-2013) այս ժողովածուն իր բնույթով ընտրանի է, որում ընդգրկված են արձակագրի լավագույն պատմվածքները:
Ժողովածուն մեկտեղում է արդի հայ գրականության ամենաինքնատիպ արձակագիրներից մեկի՝ Ռաֆայել Նահապետյանի (1946-2010) լավագույն պատմվածքների մի փունջ և «Ուշադրություն, սկսվում է…» վիպակը:
Գրքում ընդգրկված են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի՝ Ռուբեն Հովսեփյանի «Ճիչ», «Հայոց թաղ», «Որդան կարմիր» վիպակները և «Ծիրանի ծառերի տակ» վեպը:
Փոքր արձակի հայ մեծագույն վարպետներից մեկի՝ Ստեփան Զորյանի (1889-1967) երկերի միհատորյան ներառում է նրա լավագույն պատմվածքները, վիպակները, զրույցներն ու պատկերները՝ քաղված տարբեր տարիներին լույս տեսած ժողովածուներից ու պատմվածաշարերից՝ «Տխուր մարդիկ», «Ցանկապատ», «Պատերազմ», «Խնձորի այգին» և այլն: Բնագրերը հրատարակության են պատրաստվել ըստ Ստեփան Զորյանի երկերի 12 հատորյակի (1977-1990):
Ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի (1869-1951) «Նեղ դուռը» վիպակը նրա ամենայուրահատուկ ստեղծագործություններից է: Առաքինության անվան տակ վիպակի հերոսները փորձում են իրենց զերծ պահել մարմնական հաճույքներից, որն ի վերջո հանգեցնում է ողբերգության:
«Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակը հոգեբանական ցնցող սուզումներով պատմություն է, որտեղ արժևորված ու իմաստավորված է յուրաքանչյուր`անգամ պատահական բառն ու ժեստը: Փոքրիկ գլուխգործոց դարպասապահի բաց թողած գոլի մասին, գոլ, որ ուղղակի փոխեց նրա կյանքը:
Գրքում ներկայացված է ռուս ինքնատիպ արձակագիր, դրամատուրգ, քննադատ և հրապարակախոս Եվգենի Զամյատինի (1884-1937) երկու ստեղծագործություն՝ «Ջհանդամում» վիպակը և «Հեղեղ» պատմվածքը: Եվգենի Զամյատինի ստեղծագործության հիմքում ռուս մարդու խառնվածքի գրական-գեղարվեստական իմաստավորման գաղափարն է: Նրա ստեղծագործություններում համադրվում են երևակայականն ու կենցաղայինը, սիմվոլիկայի սինթետիկ կերպավորումը, գեղարվեստական-փիլիսոփայական փորձը:
Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։ Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Վիքիպեդիա
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: