Սիամանթո
Արևմտահայ բանաստեղծ
(1878 – 1915)
Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։ Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։